Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Ռուսները երկար են լծում, բայց արագ են քշում»

«Ռուսները երկար են լծում, բայց արագ են քշում»
15.01.2013 | 01:31

Երևի Ադրբեջանի մեր հարևանները, այդ թվում` նրա «փայլուն կրթություն ստացած» ղեկավարը, երբեք չեն լսել հին ու քննություն բռնած ասույթը. «Ինքնահավանությունը կատարելության գլխավոր թշնամին է»: Համենայն դեպս, Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի (ՌՏԿ) շահագործման շուրջ ամբողջ տասնամյա բանակցային մարաթոնը, չափազանց բարձր գներն ու բազարային սակարկությունը` «մենք ձեզ` կայանը, դուք մեզ` Ղարաբաղը», հանգեցրին այն բանին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ վարձակալության համաձայնագրի երկարացման պայմանների շուրջ: Ի դեպ, այդ բանը կարելի էր սպասել դեռ փետրվարին, երբ Բաքուն շատ անսպասելիորեն վարձավճարը բարձրացրեց գրեթե 43 անգամ` 7 մլն-ի փոխարեն պահանջելով ամբողջ 300 մլն դոլար: Կրեմլում, իհարկե, վաղուց են ընտելացել, որ նախկին խորհրդային տարածության բոլոր «արևելյան խանությունները» միշտ սիրում են թե՛ խորամանկորեն շահարկել դիրքերը պահպանելու ռուսների ցանկությունը, թե՛ տխրահռչակ «ռազմավարական հարաբերությունները»: Բայց ահա այս անգամ դա նրանց զզվեցրեց: Մոսկվան կարծես դադարեց կառչելուց «գործընկերությունից» այնտեղ, որտեղ այն արդեն վաղուց չկա, ու վերջապես գիտակցեց, որ բանը, ըստ էության, ոչ թե փողն է, այլ այն, որ ադրբեջանական իշխանությունները չեն ուզում իրենց տարածքում ռուսական ռազմական օբյեկտներ տեսնել: Հիմա արդեն անհուսալիորեն հնացած «Դարյալի» գործառույթներն իր վրա կվերցնի արդեն շարք մտած «Վորոնեժ-ԴՄ» կայանը, որը տեղակայված է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտ: Ի դեպ, «Ռուսաստանի աչքի» և «գերկարևոր օբյեկտի» շահարկումից առաջ չէր խանգարի, որ բաքվեցի վայ-ռազմավարները հիշեին, որ Մոսկվան առաջին անգամ չէ, որ հրաժարվել է հին կայանների շահագործումից: Դեռ 2008-ին Մոսկվան չվերականգնեց ՈՒկրաինայում գտնվող նման երկու կայանների շահագործման պայմանագիրը, դարձյալ վարձավճարի չափազանց բարձր լինելու պատճառով, և դրանք լիովին փոխարինեց իր սահմանների երկայնքով կառուցված նորերով: Խիստ հատկանշական է, որ Իլհամ Ալիևը չէր մասնակցում վերջերս Աշգաբադում անցկացված ԱՊՀ գագաթնաժողովին, և հարկ չհամարեց «առանց արձանագրության» պայմանավորվել անձամբ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ դրանից բառացիորեն մի քանի օր հետո Ռուսաստանն Ադրբեջանին նոտա հղեց ՌՏԿ-ի շահագործումը դադարեցնելու մասին: Հիմա ռուս սպաները հեռանում են Գաբալայից, իսկ Բաքուն, ուրիշ բան չունի անելու, քան, իրոք, այնտեղ զբոսաշրջային համալիր բացելը: Չէ՞ որ ոչ մի հույս չկա, թե կգտնվի մեկը, որ ցանկություն կհայտնի «թագավորելու» մետաղի ջարդոնի այդ կույտի վրա, իսկ իրենք այն շահագործել չեն կարող, իրենց պետք էլ չէ, իսկ միակ արժեքավոր բանը, որ կար կայանում` ծրագրային ապահովումը, ռուսները, իհարկե, իրենց հետ կտանեն:
Այնպես որ, թվում է, այդ «անկախության պաշտպանությունից» Ադրբեջանի շահը խիստ կասկածելի է, և նման «փակումը», երևի, հատկանշական է դառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար: Հետաքրքրական է, որ թեև որոշ լրատվամիջոցներ պնդում էին, թե Ալիևն այդ քայլին դիմեց Իսրայելի դրդմամբ, դա բավական կասկածելի է թվում: Դժվար է հավատալ, որ այնտեղ հաշվի չեն առել հետևանքներն իսլամական աշխարհի այդ գրեթե միակ երկրի համար, որը «բարեկամություն է անում» Երուսաղեմի հետ: Առավել ևս, որ Իրանի հետ պատերազմի դեպքում ռուսները «Դարյալից» հազիվ թե որևէ մեկին կամ որևէ բանի խանգարեին: Ավելին, Մոսկվան հենց այդ կայանից ՆԱՏՕ-ին օգնելու փորձ ունի դեռ «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակներից: Ամեն դեպքում նշենք, որ Արևմուտքում բավական անտարբեր վերաբերվեցին կատարվածին: Այսպես, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի որոշ փորձագետներ նույնիսկ հայտարարեցին, որ սահմանակից պետությունում գտնվող ռազմական օբյեկտի շահագործումից հրաժարվելու Ռուսաստանի որոշումը վկայում է այն մասին, որ «մերձավոր արտասահմանում» Մոսկվայի ներկայությունը բնավ սևեռուն միտք չէ Կրեմլի համար: «Ինչ հռետորաբանություն էլ «աշխարհաքաղաքական աղետի» մասին արվի ներքին լսարանի համար, իրականում օգուտի ու վնասի հաշվարկը վաղուց արդեն ավելի կարևոր հանգամանք է Կրեմլի համար»: Միգուցե դա այդպես էլ է, բայց հարկ է ավելացնել, որ այդ մոտեցումը հաստատ բացառություն ունի: Այն չի տարածվում այն ոլորտների ու տարածաշրջանների վրա, որտեղ Ռուսաստանի շահերի հետ, ինչպես ասում են, «համառորեն չեն ուզում հաշվի նստել»: Եվ այստեղ ամենից հաճախ խաղի մեջ է մտնում վաղեմի կանոնը` «ռուսներն ինքնիշխանությունը վերականգնում են սապոգներով»:
Ակնհայտ է, որ թեև Գաբալան մի տեսակ «ներկայության խարիսխ էր» երկրում, սակայն կան նաև շատ ավելի կարևոր գործոններ, որոնցից Մոսկվան այդքան հեշտորեն չի հրաժարվի: Դա, առաջին հերթին, գազի տարանցումն է: Մասնավորապես, ռուսական իշխանությունները վաղուց ու համառորեն խոչընդոտում են Թուրքմենստանից Ադրբեջան անդրկասպյան գազամուղի շինարարությանը, որը թույլ կտար թուրքմենական գազը եվրոպական շուկա հասցնել` շրջանցելով Ռուսաստանը: Այնտեղ դժգոհ են նաև այն բանի համար, որ Ադրբեջանը, իր հերթին, մտադիր է իրականացնելու անդրանատոլիական գազամուղի նախագիծը, որը թույլ կտա ադրբեջանական գազն արտահանել Եվրոպա, դրանով իսկ որոշակի մրցակցություն ստեղծելով ռուսական «Հարավային հոսքի» համար:
Այնպես որ, եթե Բաքուն դեռևս շնչահեղձ է լինում ուրախությունից և պնդում է, որ իրենք «հաստատակամություն ու բնավորություն հանդես բերեցին», որ ջանում են ռուսներին համոզել, թե իրենց վարքագիծը «թելադրված է տնտեսական նպատակահարմարությամբ», Մոսկվայում դրան, ամենայն հավանականությամբ, բնավ մտադիր չեն հավատալու: Եթե Ադրբեջանում պնդում են, թե հիմա արդեն երկու երկրների երկխոսությանը կարելի է հաղորդել «առևտրատնտեսական և սոցիալ-մշակութային ձևաչափ», ապա Ռուսաստանում բազմանշանակ ընդգծում են, որ հարաբերությունները տեղափոխվել են «զուտ իրապաշտական հուն»: Եվ երևակայության թռիչքն այդ «ընչապաշտության» շուրջ, դատելով ըստ ամենայնի, դժվար է զսպել:
Համենայն դեպս, այն բանից հետո, երբ պաշտոնական Բաքուն վերջնականապես կոշտացրեց պայմանները Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ ընթացող բանակցություններում, և, առավել ևս, «անկախ էներգետիկ քաղաքականություն վարելու» նրա միանշանակ պնդումից հետո, Ռուսաստանն անմիջապես սկսեց խոսել ուժի լեզվով: Առայժմ, ճիշտ է, «մեղմ»: Այսպես, ալիևյան վարչախմբի համար ծայրաստիճան տհաճ անակնկալ էր Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության, կամ ինչպես այլ կերպ են անվանում` «Միլիարդատերերի ակումբի» ստեղծումը Մոսկվայում: Միության մեջ մտել են ադրբեջանական ծագում ունեցող ռուսական խոշոր գործարարներ, իսկ նրանց ընդհանուր կարողությունը, «Նյու թայմս» շաբաթահանդեսի տվյալներով, կազմում է 40-48 մլրդ դոլար, ինչը շատ քիչ է պակաս Ադրբեջանի ՀՆԱ-ից: Այդ քայլը Բաքվում գնահատվեց որպես մեկ տարի հետո կայանալիք ընտրությունների նախապատրաստություն, ու բնավ ոչ հօգուտ ներկա իշխանությունների: Դրան զուգընթաց, ռուս փորձագետներն սկսեցին պնդել, թե Ադրբեջանում «գունավոր հեղափոխության» նման բան է լինելու: Պարզապես առայժմ նրանց հայտնի չէ, թե ով է գլխավորելու այն` «դա կարող են լինել և՛ արմատական իսլամիստներ, և՛ արևմտամետ ուժեր, և՛ այն քաղաքացիները, որոնց արդեն զզվեցրել է Ադրբեջանի Հանրապետությունում տիրող իրավիճակը»:
Հավանաբար ամենևին էլ պատահական չէր վերջերս Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի այցը Դաղստանին սահմանակից Զաքաթալայի շրջան: Դա բազմազգ շրջան է. բացի ադրբեջանցիներից, ապրում են նաև ավելի քան 20 ազգությունների ներկայացուցիչներ: Ինչպես պնդում է ադրբեջանական ընդդիմությունը, դեսպանն ու նրան ուղեկցող ստվարաթիվ պատվիրակությունը այնտեղ հանդիպում են ունեցել ազգային կազմակերպությունների ակտիվիստների հետ: Պնդում են, որ դրանց մասնակցել են Մախաչկալայի «Նուր» թերթի աշխատակիցներ, որը, ինչպես վկայում է «Ենի Մուսավաթը», հակաադրբեջանական կողմնորոշում ունի: Երկրում անջատական շարժումների աջակցության նպատակով «Կրեմլի գաղտնի գործողությունների» թեման սկսեց հոլովվել ադրբեջանական լրատվամիջոցներում: Հենց սրանք էլ ազդարարեցին, որ Բաքվի մետրոյում ահաբեկչություն կատարած «Սադվալ» կազմակերպության ստեղծման և 1993 թ. ամռանն Ադրբեջանի հարավում Թալիշ-Մուղանի Հանրապետության հռչակման հետևում կարելի է նկատել Կրեմլի հետքը: Քաղաքագետ Հաջիզադեն պնդում է. «Մոսկվան միշտ էլ ազգային անջատականության գործոնն օգտագործել է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար և դա կշարունակի անել նաև ապագայում: ՈՒստի ես ոչ մի արտասովոր բան չեմ տեսնում Դորոխինի Զաքաթալա կատարած այցի մեջ»: Բացի այդ, Բաքվում շատերը երկյուղում են, որ Ռուսաստանը կփորձի Ադրբեջանի գլխին սարքել նույն սցենարը, որը բավական հաջող գործեց Վրաստանի դեպքում, և հիշեցնում են, որ այնտեղ «Կրեմլը դարձյալ շեշտը դրել էր անջատական շարժման և վրացական սփյուռքի վրա»: Իր հերթին, նախկին պետխորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նշում է, որ «Ռուսաստանի գլխավոր շտաբում մշակված են Ադրբեջանի վրա հարձակման շատ տարբերակներ: Նրանք միայն հարձակման հարմար պահի են սպասում»:
Թվում է, ինչ-որ «խրատական միջոցներ» են ձեռնարկվելու նաև մոտ ապագայում: Այսպես, ներգաղթյալների մշտական և ցավագին թեմայի առնչությամբ ռուսական մամուլում ընդգծվում է, որ, ՌԴ վիճպետկոմի տվյալներով, միայն 2011 թ. Ռուսաստանում վերաբնակվել է Ադրբեջանի 22306 քաղաքացի, որ Ռուսաստանում ադրբեջանցիների թիվը 1989 թվականի 336 հազարից հասել է 2,5 միլիոնի, և, համազգային հարցման տվյալների համաձայն, որն Ադրբեջանում անցկացրել է «ADAM» սոցիոլոգիական ծառայությունը, հանրապետության բնակչության ավելի քան 62 տոկոսն ուզում է մշտապես կամ ժամանակավորապես հեռանալ երկրից: Իսկ այս տվյալներին ռուս փորձագետները բազմանշանակ ավելացնում են. «Ռուսաստանի աշխատուժի շուկան ունի արժեք, և կա իմաստ վաճառելու այն և ոչ թե տալու անհատույց, հատկապես այն երկրներում, որոնք իրենց ընտրությունը կատարել են ոչ ՌԴ-ի հետ համագործակցության օգտին»: Եվ արդեն 2013 թ. սկզբին Ադրբեջանն ու Ռուսաստանը ձեռնամուխ կլինեն գաղթի ասպարեզում միջգերատեսչական համաձայնագրերի մշակմանը, որոնցում առանձնահատուկ կնշվեն աշխատանքային հարաբերությունների ձևակերպման, հարկերի մուծման և աշխատանքային ու ապահովագրական ստաժի առկայության փաստաթղթերի ստացման պարտադիր նորմերը:
Դժվար չէ ենթադրել, որ ռուսները հատուկ ուշադրություն կդարձնեն նաև Կասպից ծովի պայթյունալի վիճակին, առավել ևս` այնտեղ ՌԴ ռազմածովային ուժերի անշեղ մեծացման պայմաններում: Այսպես, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը չի հապաղի «հիշեցնել իր վիրավորվածությունը» և մեկ անգամ ևս կփորձի Ադրբեջանի նավթի ու գազի հավակնություններին խփել «Կասպից ծովի ներկան ու ապագան» հերթական խորհրդաժողովում, որը կայանալու է 2013 թ. սկզբին Իրանում:
Եվ իհարկե, առանձնակի ուշադրություն է նվիրվում, ճիշտ է, առայժմ փորձագիտական մակարդակով, Ղարաբաղի ու Հայաստանի հարցերին: Ադրբեջանն այժմ աջ ու ահյակ գնահատականներ է նետում, որ, նախ, Հայաստանը «հաճույքով իր տարածքը կտրամադրի ռուսական նոր բազաների համար», իսկ Ադրբեջանում բազաների բացակայությունը կհանգեցնի այն բանին, որ Ռուսաստանին ոչինչ չի կապի Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության սրման դեպքում: Ապա և, ըստ էության, Գաբալայի կայանի շահագործումը դադարեցնելով, Ռուսաստանը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններն այլևս Ադրբեջանի հետ իր հարաբերությունների մանրադրամ չեն, և ինքը պատրաստ է կատարելու ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ունեցած պարտականությունները: «Բշտոցներ» կան նաև Արևմուտքի հասցեին, որը, ռուս քաղաքագետ Տրոֆիմչուկի կարծիքով, «կանկախացնի Ղարաբաղը», քանի որ այն «չափազանց կարևոր է ԱՄՆ-ի համար որպես տարածաշրջանում թուրք-ադրբեջանական դաշինքի բնական հզոր հակակշիռ»: Այնպես որ, այդ գործընթացին ոչինչ չի լինի հակադրել, իսկ դիմակայելն անիմաստ է: «Վարկերը, որոնք կխոստացվեն այդ տարածքին, այնքան հզոր մագնիս կլինեն, որ Ղարաբաղը միառժամանակ կմոռանա աշխարհում ամեն ինչ` թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը»,- կարծում է փորձագետը:
Ընդհանուր առմամբ, դատելով ըստ ամենայնի, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում այնքան էլ հեշտ ժամանակներ չեն գալիս: Իհարկե, առայժմ կա միայն Ռուսաստանի դժգոհությունը, և Մոսկվան միայն հմտորեն սպառնալիքների երևութականություն ու ցանկ է կազմում: Նա հստակորեն հասկացնում է` «խելքի եկեք, մենք շատ «օյիններ» կարող ենք խաղալ ձեր գլխին»: Արդյոք այնուհետ կձեռնարկվե՞ն այնպիսի կոնկրետ քայլեր, որոնցից տուժեր Ադրբեջանը: Բաքվում հույս ունեն, որ Ռուսաստանն այժմ զբաղված է ուրիշ կարևոր խնդիրներով` Մերձավոր Արևելքի իրավիճակով, երկրի ներսում կոռուպցիայի և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարով, և նրան հիմա Հարավային Կովկասի նոր խնդիրներ պետք չեն: Հնարավոր է, որ այդպես էլ լինի: Սակայն դեռ Բիսմարկն է ասել. «Ռուսները երկար են լծում, բայց արագ են քշում»: ՈՒ երևի նրանք հիմա շատ են ուզում «քշել»:

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ